Ժաննա Անդրեասյանն ու Նեմանյա Ստարովիչն անդրադարձել են Սերբիայի համալսարանի հենքի վրա հայագիտական ամբիոնի կամ կենտրոնի ստեղծման հնարավորությանը

0 0
Read Time:1 Minute, 28 Second

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Նեմանյա Ստարովիչի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախարարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը:

Ողջունելով հյուրին` նախարարի տեղակալը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հայ-սերբական համագործակցության ակտիվացումը: Ժաննա Անդրեասյանն առաջարկել է ամրապնդել բարձրագույն կրթության ոլորտի փոխհամագործակցությունը, մասնավորապես առաջատար բուհերի միջև համագործակցության զարգացման նպատակով իրականացնել ուսանողների և հետազոտողների փոխանակման ծրագրեր:

Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Նեմանյա Ստարովիչը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար` նշելով, որ իրենք հետաքրքրված են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության համատեղ ծրագրերի իրականացմամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Սերբիայի համալսարանի հենքի վրա հայագիտական ամբիոնի կամ կենտրոնի ստեղծման հնարավորությանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում ընթացող կրթական բարեփոխումները, որոնք ընդգրկում են կրթության բոլոր աստիճանները` նախակրթարանից մինչև բարձրագույն կրթություն:

Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղարը նշել է, որ հետաքրքրված են հատկապես մշակութային և մասնագիտական կրթության ոլորտների, ինչպես նաև սպորտի բնագավառում մարզչական ծրագրերով: Հյուրին հետաքրքրել է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում դուալ կրթության փորձարկման հայաստանյան փորձը:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ փորձարկման փուլում գտնվող հանրակրթության նոր չափորոշչում արվեստի կրթությունը դիտվում է որպես առանձին բնագավառ: Նա նաև նշել է, որ պետության կողմից առաջնային նշանակություն է տրվում ԲՏՃՄ` բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավմանը:

Նշվել է, որ փոխհամաձայնեցման փուլում է գտնվում «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սերբիայի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության միջև սպորտի բնագավառում» փոխըմբռնման հուշագրի նախագիծը: Հուշագրի ստորագրումը հնարավորություն կընձեռի իրականացնելու մարզիչների և մարզիկների փոխանակման ծրագրեր, ինչպես նաև կազմակերպել մարզական համատեղ հավաքներ և սեմինարներ:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև համագործակցությունը երիտասարդության բնագավառում` որպես առաջնահերթություն դիտարկելով շարժունության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը, անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Միացիր մեր ցանցային օրաթերթին

[mc4wp_form id="69"]