Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալ Իգոր Խաչատուրովի մասով նախաքննությունն ավարտվել է

0 0
Read Time:1 Minute, 25 Second

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2022թ. մայիսի 17-ին Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից ՀՀ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից,  մինչդատական վարույթում ձեռնարկված քննչական և դատավարական անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ:

Այսպես՝ 2022թ. մայիսի 17-ին ժամը 08.30-ի սահմաններում անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ փակել էին Երևան քաղաքի Կիևյան փողոցի 15 հասցեի դիմացի երթևեկելի հատվածը՝ այդ կերպ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել էին ազատել փողոցի բանուկ հատվածը, սակայն անհնազանդության ակցիայի մասնակիցները չէին ենթարկվել ոստիկանության աշխատակիցների՝ փողոցն ազատելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջներին, ինչի կապակցությամբ ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման էին ենթարկվել: Այդ ընթացքում Իգոր Յուրիի Խաչատուրովը, ակցիայի մեկ այլ մասնակցի հետ, խոչընդոտել էր փողոցն ազատելու և անձանց բերման ենթարկելու՝ ՀՀ ոստիկանության տեսուչի գործողություններին, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն էր գործադրել՝ բռունցքով մի քանի անգամ հարվածելով նշված աշխատակցի կրծքավանդակի և որովայնի հատվածներին, որպիսի գործողությունները կապված են եղել վերջինիս ծառայողական պարտականությունների կատարման հետ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ի.Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Ի.Խաչատուրովի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածով սահմանված կարգով, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Միացիր մեր ցանցային օրաթերթին

[mc4wp_form id="69"]